ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց»

«Աստված այնպես սիրեց  աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց»
30.03.2018 | 17:30

Առջևում Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է` Զատիկը, բայց չկա հարություն առանց մահվան նախերգանքի։ Այդ պատճառով սուրբ հայրերն ասում են, որ իմաստուն է այն մարդը, որ մահվան մասին է խոկում իր ողջության ժամանակ, քանզի նման մտածումները օգնում են մարդուն ճիշտ ապրելու իր կյանքի օրերը։ Սողոմոն Իմաստունն ասում է. «Սգո տուն գնալը խնջույքի գնալուց ավելի լավ է» (Առակաց 7.2)։


Իսկ նրա հայրը` Դավիթ մարգարեն, իր սաղմոսներից մեկում բացահայտել է ժամանակակից մարդկային կյանքի տևողության գաղտնիքը.
Մեր տարիները ցնորքի պես են անցնում։
Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի,
Որոնց մեծ մասը անցնում է ցավով ու հեծությամբ։
ՈՒ եթե զորությունով ութսուն տարի լինի,
Տակավին նրանց փառքը աշխատանք ու ցավ է,
Քանի որ նրանք շուտով կանցնեն, ու մենք կթռչենք
(Սաղմոս 90. 9)։

Եվ զարմանալին այն է, որ ինչպես մարգարեացավ Դավիթ թագավորը, այդպես էլ ապրեց՝ ուղիղ 70 տարի։


Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետը իրեն տրված աստվածատուր շնորհով հավաստիացնում է.
«Եթե մարդը իմանար իր մահվան օրը, ոչ տուն կշիներ, ոչ կտնկեր, ոչ զավակ կծներ, և դա ավերման պատճառ կլիներ, և մարդիկ բազում տարիներ մեղքով կապրեին, այն հույսով, որ մահվանից առաջ կապաշխարեին, ու մեղքին վարժվելով չէին կարողանա հետ դառնալ ու կկորչեին անդարձ և ապաշխարության պսակին չէին արժանանա»:
Ինչպես համոզվեցիք, մահվան մասին մտորումները իմաստնացնում են մահկանացու մարդուն, քանզի օգնում են իր բանական զորությունը ներաշխարհ ուղղելու, որ հոգին պատրաստ գտնվի անխուսափելի մահվանը դիմավորելու և Հիսուս Քրիստոսի հարության հավատքով հաղթող մնալու վերջին փորձության ժամանակ։


Պետրոս առաքյալն էլ, իրեն տրված աստվածատուր շնորհով, ավելացնում է. «Նա (Հիսուսը), որ մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք» (Ա Պետրոս 2. 24)։ Իսկ սուրբ առաքյալը այն վերցրել է Եսայու ամենանշանավոր մարգարեությունից, որտեղ նկարագրվում են Հիսուսի չարչարանքները. «Նա (Հիսուսը) վշտերի Տեր ու ցավերի տեղյակ եղավ... իսկապես Նա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերը Իր վրա առավ... մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.1-5): Այս խոսքերը մարմնավորների համար ցնդաբանություն են, բայց հավատացողների համար իրական բժշկություն, քանի որ մեր Տերը Իր վրա բազմաթիվ վերքեր ստացավ ձաղկվելիս ու հռոմեական զինվորների բիրտ հարվածներից, և այդ ամենը դեռ քիչ համարելով սուր-սուր փշերից պսակ հյուսեցին ու գլխին հագցրին դաժանաբար։ Եվ խաչելության չարչարանքներից յուրաքանչյուրով մեր Տերը հատուցում էր մարդկության բյուրավոր մեղքերի հետևանքը, այդ թվում և իմ ու քո, ինչպես Պետրոս առաքյալն է բացատրում. Տերն Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա, որպես քավության նոխազ, որ մենք մաքրվենք մեր մեղքերից, և Նրա վերքերով բժշկվենք մեր հիվանդություններից։ Այս մասին աղոթելիս մի քարոզիչ եղբայր Հիսուսից անձամբ հայտնություն էր ստացել, որ Տիրոջ մարմնի վրայի յուրաքանչյուր վերքը մեր մարմինների տվյալ տեղի բժշկության համար էր. օրինակ գլխի փշեպսակի վերքերը մեր գլխի հետ կապված հիվանդությունների, ու այդպես էլ մեր մարմնի մնացած բոլոր անդամների համար, քանի որ մեր Տիրոջ մարմնի վրա տեղ չկար, որ վերք չլիներ, նույնիսկ Նրա սուրբ սիրտը վերջում գեղարդով խոցեցին, որպեսզի մենք մեր սրտի չար խորհուրդներից մաքրվենք ու բժշկվենք սրտի հիվանդություններից նույնպես, ինչպես գրված է սաղմոսներից մեկում. «Սիրտս ու մարմինս մաշվեցին, իմ սրտի՜ Աստված, հավիտյան ինձ բաժի՜ն ընկած Աստված» (72.26)։


«Երեսդ շո՜ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՜ր ինձնից:
Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՜ր, Աստվա՜ծ, և արդար հոգի նորոգի՜ր իմ որովայնում» (5.11-12):
«Փորձի՜ր ինձ, Աստվա՜ծ, ու ճանաչի՜ր իմ սիրտը, քննի՜ր ինձ ու ճանաչի՜ր իմ շավիղները, և տե՜ս, եթե իմ ճանապարհին անօրենություններ կան, առաջնորդի՜ր ինձ քո հավիտենական ճանապարհներով» (138. 23-24):
Սողոմոն թագավորը իրեն տրված աստվածային իմաստությամբ զգուշացնում է ամենքիս. «Ամենայն զգուշությամբ պահի՜ր և պահպանի՜ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակներ 4.23)։
Հովհաննես առաքյալը ուղերձներից մեկում գրել է. «Եթե ասենք՝ մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ, իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ բոլոր անիրավություններից։ Որդյակներ իմ, այս բանը գրում եմ ձեզ, որրպեսզի չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին ու Անարատին. և Նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի» (Ա Հովհաննես 1.9 -2.1):


Սուրբգրային այս ու մնացած խոսքերից հասկացվեց, որ մեր սրտի տկարությունների, զանազան ցավերի ու հիվանդությունների պատճառը սեփական մեղքերն ու մեր սրտերում պահած չարություններն են, մանավանդ նենգ խորհուրդներն ու աններողամտությունը։
ՈՒ ինչպես ցորենի հատիկը, հողի ընդերքում մեռնելով, կյանք է պարգևում ապագա ծիլին, ապա ամբողջ հասկին, այդպես էլ մեր Տեր Հիսուսը երեք օր գերեզմանում` մահվան ընդերքում մնաց, որպեսզի Իրեն հավատացողներին հավիտենական կյանքի Ավետիս շնորհի նախապես ասելով. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով Նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ստանա» (Հովհ. 3.16)։
Տերը այս կենդանի հավատով մահվանը դիմավորելու և Հիսուս Քրիստոսի Անունով հաղթող լինելու շնորհ պարգևի։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 23609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ